Թուրքական կողմը Հայաստանին ասել է՝ իրենց համար հասկանալի չէ՝ ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին «Նեմեսիս»-ի հուշարձան բացել Հայաստանում

«Նեմեսիս»-ի հուշարձանի հարցը Անկարայում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը։ Թուրքական կողմը, Թունյանի խոսքով, նշել է, թե իրենց համար հասկանալի չէ՝ ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նման հուշարձան բացել Հայաստանում։ «Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել ու, միգուցե, դեռ կլինեն», - նշեց Թունյանը։ Թե ինչ է լինելու հուշարձանի ճակատագիրը՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։ Նա ասաց, թե հայկական պատվիրակությանն ուղիղ տեքստով չի ասվել, որ պետք է հեռացվի հուշարձանը։ «Ամեն դեպքում, մենք հասկանում ենք, որ այդ արձանի բացումը որոշակի դժվարություններ է առաջացրել, ինչը, կարծում եմ, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով», - հավելեց Բաբկեն Թունյանը։

Լրահոս