Էրդողանը մտադիր է հանդիպել Պուտինի հետ G20-ի գագաթաժողովում եւ քննարկել ցորենի գործարքը. նախարար Քիրիշչի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Քսանի խմբի (G20) գագաթաժողովում, որը տեղի է ունենալու Բալիում, եւ քննարկել ցորենի գործարքը։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին A haber հեռուստաալիքի եթերում։ Մինչ այդ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պայմանավորվել է ՌԴ նախագահի հետ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ անվճար ցորեն եւ պարարտանյութ ուղարկելու հնարավորության մասին։ «Հարցի մանրամասները նախագահ Էրդողանը, ինչպես հայտնի է՝ գալիք շաբաթ Ինդոնեզիայում տեղի է ունենալու G20-ի գագաթաժողովը, հարգարժան պարոն Պուտինի հետ հանդիպման ժամանակ նորից կդնի օրակարգում, ինչից հետո գործընթացը կարագանա»,- ասել է Քիրիշչին։ Քսանի խմբի (G20) գագաթաժողովը տեղի է ունենալու ինդոնեզական Բալի կղզում նոյեմբերի 15-16-ին։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նախագահ Պուտինը ներկա կգտնվի միջոցառմանը։ Նախօրեին տեղեկացվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հետ Կիեւում հանդիպման ժամանակ առաջարկել էր երկարացնել ուկրաինական նավահանգիստներից պարենի դուրսկրման համաձայնագիրը՝ «անկախ Ռուսաստանի ցանկությունից»։ Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նոր պարենային գործարք ստորագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն կերկարացվի կողմերի համաձայնության դեպքում։ Նա ընդգծել էր, որ ռուսական պարարտանյութերի արտահանումը համաձայնագրի մի մասն է, եւ ՌԴ-ն որոշ մտավախություններ ունի, որ իրենց պահանջները չեն կատարվում։

Լրահոս