Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «2008-12թթ-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորությամբ) պատրաստել և հրապարակել էր «Մեր հաղթանակները» վերնագրով քառահատորյակ: Նախաձեռնության նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը (եթե ճիշտ եմ հիշում` 300-ից ավելի մեծ ու փոքր հաղթանակներ): «Մեր հաղթանակները» գրքի հատորներն ընդգրկում են հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակները: Այն ընդգրկում է IV-Xդդ. պարսկական և արաբական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը: XI-XIIIդդ. Հայոց Բագրատունիների թագավորության, հայկական իշխանությունների և Կիլիկյան թագավորության օտար նվաճողների դեմ մղած պայքարում տարած հաղթանակների նկարագրությունը: 1720-ական թթ. Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի հաղթանակների նկարագրությունը և այլն: Հատուկ տեղ է հատկացվում ինչպես ֆիդայական շարժմանը, այնպես էլ հայ ժողովրդի մասնակցությանը թուրքական և պարսկական տիրապետության դեմ ծավալված պատերազմներին ու երկու աշխարհամարտերին: Կրկին գալիս հանգում ես պարադոքսին, թե ինչպե՞ս է այսքան հերոսական հաղթական պատմություն, բազմադարյա մշակույթ և յուրօրինակ ինքնություն ունեցող հինավուրց ժողովուրդը` մեծ հայրենիքից վերածվել փոքրիկ ու բզկտված մի կտոր լեռնաշխարհի: Երևի թե մեր ժամանակների նման կռվող տղերքը հաղթել են, երկիր պաշտպանողները` պահել ու շենացրել են, հետո հող հանձնողները եկել ու հանձնել են, փող աշխատողները` ինչպես միշտ փողի գերի են եղել, արտագաղթողները թողել փախել են, դավաճաններն էլ մնացել են անպատիժ: Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ դավաճանած ու երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն 21-րդ դարում Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն»:

Լրահոս