Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Արդեն ավելի քան 20 օր է, ինչ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման օդային գիծը։ Հայաստանից Արցախ մտնող էլեկտրահաղորդման գծի վթարը տեղի է ունեցել հունվարի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, «ԱրցախԷներգո»-ի համապատասխան սարքավորումներով արձանագրված տվյալների համաձայն` Բերձոր-Աղավնո հատվածում՝ օդային գծի 30-րդ կմ-ի վրա. այդ հատվածն ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, այսինքն նույնիսկ Լաչինի միջանցքի բացվելու դեպքում առանց ադրբեջանցիների թույլտվության հայ մասնագետները չեն կարող մոտենալ վթարի վայր: Վթարը հնարավորէ վերականգնել ժամերի ընթացքում, եթե ադրբեջանցիները հայ մասնագետներին թույլ տան մոտենալ տարածքին։ «Դժվար է միանշանակ ասել արդյոք վթարը տեխնիակական է, թե կողմնակի միջամտության արդյունք: Հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները մեզ հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով, այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, եւ եթե այս իրավիճակը պահպանվի, լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Հաշվի առնելով, որ մենք այսօր Հայաստանից հոսանք չենք ստանում եւ մեր սպառումը ապահովում ենք տեղական արտադրող կայանների հաշվին, եւ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունների սահմանափակ լինելը, անցել ենք հովհարային անջատումների: Հաշվարկելով ջրի պաշարներն ու մեր սպառումը, կազմել ենք հովհարային անջատումների գրաֆիկ: Սկզբում անջատում էինք օրական երկու ժամ, հետո՝ 4 ժամ, հետո՝ 6 ժամ: Չի բացառվում, որ առաջիկայում նորից ստիպված լինենք վերանայել անջատումների ժամանակացույցը, դա կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից»,-ասաց Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ հովհարային անջատումները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա. «Հովհարային անջատումներից բացի անջատել ենք խոշոր ընկերությունների էլեկտրամատակարարումը, նրանց ընդհանրապես ցանցից հանել ենք՝ բեռի թեթևացման պատճառով: Գնալով այդ ազդեցությունն ավելի շոշափելի է դառնալու»։ Բացի այդ, այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է նաեւ Արցախ գազամատակարարումը, եւ ամբողջ բեռը դրվում է էլեկտրաէներգիա արտադրող ռեսուրսների վրա: Ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում դպրոցներում, հիվանդանոցներում, տներում: «Սա հումանիտար լուրջ հետեւանքներ է ունենում: Երբ ամբողջ բեռն ընկնում է այս համակարգի վրա, առաջանում են մեծ վթարներ: Ձմռան ցուրտ պայմաններում համարյա 2,5-3 անգամ ծանրաբեռնվածությունն ավելանում է: Ստացվում է, որ հովհարային անջատումներից բացի, օդային գծերի գերծանրաբեռնված լինելու հետևանքով առաջացած վթարների պատճառով, որոշ ժամերի մարդիկ կրկին հոսանք չեն ունենում»,– ասաց Խաչատրյանը: Էլեկտրաներգիայի ունեցած սահմանափակ ռեսուրսների պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովումը նույնպես մեծ դժվարությամբ է իրականացվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմանները ապահովելու համար: Նշենք, որ նախկինում էլ, էներգամատակարարման համակարգում, և առհասարակ, ենթակառուցվածքներում արձանագրվում էին նմանօրինակ խնդիրներ, որոնք կարգավորվում էին ռուս խաղաղապահ զորակազմի հետ բանակցությունների արդյունքում: Ադրբեջանական կողմը առ այսօր խաղաղապահների հետ կենսական նշանակության այս հարցի շուրջ չի բանակցում՝ միտումնավոր խորացնելով Արցախի էներգետիկ ճգնաժամը: Այս վիճակը, երկար շարունակվելու դեպքում, ծանր հետևանքների է հանգեցնելու Արցախի շուրջ 120 000 հայ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար՝ խաթարելով նրանց բնականոն կենսագործունեությունը, խախտելով մարդու մի շարք հիմնարար իրավունքներ:

Լրահոս