Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների կարեւոր պայմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հիշեցրել է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պայմանների մասին։ Դրանց թվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, վնասների փոխհատուցումը, ինչպես նաեւ Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների բոլոր մասնակիցներին պատժելը, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։ Ինչպես նշել է նախագահն իր տեսաուղերձում, նա նոյեմբերի 7-ին դիմել է Եգիպտոսում ընթացող Կլիմայական գագաթաժողովին։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է ՌԴ-ի ագրեսիան կանգնեցնելու անհրաժեշտությանը վերաբերվի նույնքան լրջորեն, որքան եւ կլիմայական խնդիրներին։ «Շատ ծանրակշիռ իրադարձություն է, շատ ներկայացուցչական հավաք։ Պետությունների տասնյակ առաջնորդներ եւ կառավարությունների ղեկավարներ։ Գլխավորը մեզ համար աշխարհին տեղեկացնելն է շարունակվող ռուսական ագրեսիայի, ապակայունացնող այն ազդեցության մասին, որը Ռուսաստանը գործադրում է ամբողջ աշխարհի վրա։ Երբ աշխարհը կենտրոնացած է պատերազմին, էներգետիկ եւ պարենային ճգնաժամերին, սովորական միջազգային հարաբերությունների խզմանը դիմակայելու վրա, կլիմայական օրակարգը հավանաբար տառապում է։ Իսկ կլիմայի փոփոխությունն անհնար է «դադարի վրա» դնել»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ, որը լրջորեն է դիտարկում կլիմայական օրակարգը, նույնքան լրջորեն էլ պետք է դիտարկի ռուսական ագրեսիան անհապաղ դադարեցնելու, Ուկրաինայի տաածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Ռուսաստանին իսկական խաղաղության բանակցությունների հարկադրելու անհրաժեշտությունը։ «Այնպիսի բանակցությունների, որոնք մենք բազմիցս առաջարկել ենք, եւ որոնք միշտ խելահեղ ռուսական պատասխան են ստացել նոր ահաբեկչություններով, գնդակոծություններով կամ շանտաժով։ Մեկ անգամ եւս. տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ Կանոնադրության հարգում, պատերազմի հասցրած բոլոր վնասների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատժում եւ երաշխիքներ, որ սա չի կրկնվի։ Սրանք միանգամայն հասկանալի պայմաններ են»,-ընդգծել է Զելենսկին։

Լրահոս