Երևան-Իջևան ճանապարհին 3 անձի մահվան ելքով ավտովթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Երևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն ամբողջությամբ այրվել է: Վարորդը և երկու ուղևոր տեղում մահացել են, ևս երկու ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342 -րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արյան նմուշներ, նշանակվել դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս