Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից

Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին, հայտնում են ՀԿԵ-ից։ Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը: Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում "ՀԿԵ" ՓԲԸ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն: 2022 թվականի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը կազմել է 906 հազար տոննա ։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր): Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել աշխատանքը բեռնատար վագոնների շրջանառության կրճատման, արագության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականության կիրառման միջոցով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավման և բեռների առաքման արագության բարձրացման ուղղությամբ:

Լրահոս