Երևանի տարբեր վարչական շրջաններում ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Հունիսի 6-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին է ներկայացրել մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ապօրինի պահվող զենք և զինամթերք են հայտնաբերել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները: Հունիսի 6-ին նրանք Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, և 21 սմ երկարությամբ ծալովի դանակ՝ 10 սմ շեղբի երկարությամբ: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Լրահոս