Երևանի վարչության, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են՝ ովքեր են առաջին հարկի բնակարանից շինարարական գործիքներ գողացել

Փետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 12.31-ն ընկած ժամանակահատվածում Բագրևանդի փողոցի իր կիսակառուց շինությունից գողացել են շինարարական գործիքներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով փետրվարի 15-ին պարզել են գողությունը կատարողների ինքնությունը, որոնցից մեկը՝ Արթիկի, երկուսը երևանի բնակիչ են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 01.30-ին, նրանք Դավիթաշեն թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Նոր Նորքի բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք: Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք փետրվարի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրել, մտել էին Առինջ գյուղի Տերյան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բնակարան և գողացել շինարարական գործիքներ, որոնք հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Օպելի» մեջ էին: Քրեական վարույթը շարունակվում է:

Լրահոս