Երեկ Մոսկվայում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը․ Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման վերաբերյալ։ Նիստի արդյունքների և երկաթուղու կառուցման հեռանկյարների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսօր հարց ուղղեց իշխող խմբակցության պատգամավորներից Սարգիս Խանդանյանը։ «Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ»,- այս առնչությամբ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց՝ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, երկաթուղին ու ճանապարհները ՀՀ օրենսդրության ներքո պետք է գործեն։ «Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, և այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ մենք այս արձանահրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս