«Ես տանն եմ, բնակարան փորձում են գողեր մտնել». Ոստիկանները հենց շքամուտքում բռնեցին գողերին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ահազանգ ստացվեց «911» ծառայություն: Մի կին հայտնում էր, որ ինքը տանն է, և իրենց բնակարան փորձում են գողեր մտնել: Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և քանի որ ահազանգողը Հակոբ Հակոբյան փողոցի բնակիչ էր, այստեղից էլ հաղորդումը վերահասցեավորվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնից նշված հասցե մեկնեց օպերատիվ խումբը, տարածքը վերահսկելու և արձագանքման արագությունն ապահովելու նպատակով տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի պարեկները: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հենց շենքի շքամուտքում, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվեցին երկու տղամարդ, որոնք պարեկների ծառայողական մեքենայով տեղափոխվեցին բաժին: Մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցի 42-ամյա և Վայք քաղաքի 45-ամյա բնակիչների խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի բանալիներ, հարմարեցված գործիքներ, երկաթե առարկաներ, որոնք, ըստ նրանց, փական բացելու հարմարանքներ էին: Երկուսն էլ տեղափոխվել են քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Լրահոս