Ես չեմ բացառում վարկածը, որ զինվորների միջեւ եղել են լարված միջանձնային հարաբերություններ. Արմեն Խաչատրյան

Ես չեմ բացառում վարկածը, որ զինվորների կացարանի հրդեհի դեպքի հետ կապված կարող են միջնանձնային լարված խնդիրներ եղած լինել, որովհետեւ մի տեղ, որտեղ 30-40-50 տղաներ են ծառայում, կենցաղավարում, այնտեղ խնդիրներ հաստատ կլինեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտրկմանը, որ զոհված զինվորների ծնողներից ոմանք պնդում են, որ զինվորների միջեւ միջանձնային լարված հարաբերություններ են եղել: «Հատկապես, եթե հաշվի առնենք, թե այդտեղ հավաքվածները ինչ դաստիարակություն ունեն, ինչ սոցիալական խմբերից են դուրս եկել, այս ամենը բերում է խնդիրների: Իհարկե, հրամանատարի խնդիրն է բոլորը հարթել եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ միջանձնային վատ հարաբերություններ չլինեն: Ասել, որ ամեն բան շատ հարթ է, ստորաբաժանումներում զինվորները միմյանց հետ շնորհակալությունով կամ փաղաքշական բառերով են խոսում, իհարկե, այդպես չէ: Բանակը մի տեղ է, որտեղ միջանձնային հարաբերություններում խնդիրներ լինում են, որովհետեւ այդտեղ տղաներ են ծառայում: Բայդ այդ հարաբերությունները պետք է սահման ունենան եւ չպետք է վերածվեն  այնպիսի վիճակի, որն առաջացնի հանցագործություններ, կամ այնպիսի մթնոլորտ լինի, որ զինվորները չուզենան ծառայել: Ես վստահ եմ, որ քննչական մարմինները զբաղվում են այս հարցով՝ թիրախավորելով նաեւ այդ խնդիրը: Արդյունքները կլուսաբանվեն հանրությանը: Լավ բանակ ունենալու համար պետք է ունենանք լավ դպրոց, լավ դաստիարակված սերունդ, էլ չասեմ բարձրագույն կրթության մասին»,-ասաց պատգամավորը: Հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմից հետո բանակում չեն ավելացել միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Որպես վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, թե ինչքան է թիվն ավելացել, կամ պակասել, բայց ասեմ, որ մեր զինվորների զգալի մասը մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ անձնվիրաբար կռվել է: Այդ ամենը հետք է թողնում նրանք հոգեբանության վրա: Երբեմն այդ հետքը բացասական ազդեցություն է ունենում, մարդիկ, ավելի հուզական են դառնում եւ այլն: Սրա հետ կապված, այո, կարող են որոշակի խնդիրներ եղած լինեն:

Լրահոս