Ես իմ գիտելիքները, կապերը, անունը, ունեցվածքը ծառայեցնելու եմ անկախ ու երջանիկ Արցախ ունենալուն. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի բազմահազարանոց հրապարակում, նշեց՝ ես 20 տարի Արցախ եմ գալիս, վերջին 52 օրը պետնախարար եմ, վերջին 14 օրը գլխավորում եմ օպերատիվ շտաբը, ես իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունմ, որ այստեղ մարդիկ չնայած դժվարությունների՝ ընդունում են իրավիճակը, պատրաստ են պայքարի: «Պատմությունը կրկնվում է, թեև 1988 թվականին Արցախում չեմ եղել, բայց հիմա այստեղ լինելով զգում եմ, որ ամեն բան նույնն է, նույն արդար պայքարն է և մենք հավատում ենք մեր արդար պայքարին: Շուտով կլրանա Արցախի արդար պայքարի 35 տարին, ամեն բան պետք է անենք, որ հաջորդ սերունդը հաղթանակած հայրենիք ժառանգի, ունենանք անկախ և երջանիկ Արցախ»: Պետնախարարն ընգծեց՝ այս օրերին հսկայածավալ աշխատաք է արվում, որ հաճախ կարող է և տեսանելի չլինել, վստահեցրեց՝ տեղյակ են յուրաքանչյուրի հոգսերի ու խնդիրների մասին: «Հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները, կարողանալու ենք իրավիճակ փոխել, օրինակ դառնալ այլ պետությունների համար: Հարևան երկիրը, որ «էկոակտիվիսստներ» է ուղարկում, պետք է հասկանա, որ այդ իրենք պիտի մեզնից սովորեն, մենք ենք իրենց սովորեցնելու՝ ինչպես ապրել, իրենք չեն հասկանում՝ ում հետ են շփվում, չեն հասկանում, որ մեր ուժը նաև սրա մեջ է, որ կարող ենք անկաշկանդ հավաքվել հրապարակում, խոսել իրար հետ: Մեր ուժը մեր պետությունն է, մեր սահմանադրությունը, ազգային ժողովը, կառավարությունը, հասարակական կազմակերպությունները, աշխարհը պետք է տեսնի, որ մենք իսկապես դարձել ենք հանրություն, որ գիտենք՝ ինչ է ժողովրդավարությունը, ազատ խոսքը, մարդու իրավունքները»: Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում երեք ճանապարհ կա՝ կամ ենթարկվել, կամաց-կամաց ինտեգրվել Ադրբեջանին, կամ լքել Արցախը, կամ պայքարել: «Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի երկուսին, ես այստեղ եմ, այստեղից չեմ գնալու, պայքարելու եմ, չեմ ենթարկվելու Ադրբեջանի պահանջներն: Խոստանում եմ՝ իմ գիտելիքները, կապերը, անունը, ունեցվածքը, ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության և Արցախի հաջողության համար, այլ տարբերակ չկա»: Ռուբեն Վարադանյանը կոչ արեց հանրությանը համբերատար լինել, հրաշքի ակնկալիքով չապրել՝ նշելով՝ սպասվում է ծանր ճանապարհ, միասին ենք անցնելու, արյուն ու քրտինք ենք թափելու, շատ ենք աշատելու, անպայման հաջողելու ենք, որովհետև գիտակցում ենք՝ Արցախն ամենակարևորն է, այս հողի վրա ապրելը մեր կյանքի իմաստն է: «Արցախն արմատն է հայկական աշխարհի, առանց չափազանցնելու Արցախն արմատ է նաև աշխարհի համար, մենք նոր արժեքների, վերածննդի օրինակ ենք դառնալու. ես 120 և ավելի երկրում եմ եղել, վստահորեն ասում եմ՝ չնայած դժվարություններին՝ Արցախն ամնենասքչանչելի տեղն է աշխարհում: Արցախի համար մեռնելը պատիվ է, ավելի մեծ պատիվ է Արցախում ապրելը»:

Լրահոս