ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել և սրել առկա հակասությունները․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում նշված է՝  Երևանը, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում ընդգծվում է, որ  Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել «Եթե Բրյուսելը անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, իր առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցներ Ադրբեջանի հետ։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ-ում առճակատման քաղաքականություն վարող ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը  Հայաստանի սահմանամերձ շրջաններում  կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության «քաղաքացիական» հռչակված  բնույթը չպետք է մոլորության տեղիք տա, այն ձևավորվում է ԵՄ  անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ամեն գնով  Հայաստանում ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը  ստվերելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու՝ հայերի և ադրբեջանցիների ջանքերին։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի ապագայում մնում է ռուսական խաղաղապահ զորախումբը, որը տեղակայված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրադարձությունների զարգացումը։ Արձանագրում ենք, որ Երևանը, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելություն ուղղությամբ աշխատանքը, նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը ՀԱՊԿ ներուժն օգտագործելու հարցում, ապա ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվորեն տեղակայվել Հայաստանում»,- նշված է հայտարարությունում։

Լրահոս