Եկեղեցին դուրս եք թողել կրթական գործընթացից, օրինախախտումն ինչպե՞ս եք վերացնելու. Թովմասյան

Տիկին նախարար, վստահաբար Ձեզ շատ են քննադատել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան միաձուլելու համար, այնուամենայնիվ կխոսեմ հարցի իրավական կողմի մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Ա-ում, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Բայց մինչ այդ, արձանագրեմ, որ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք հրաժարվում ենք առանձին ուսումնասիրել Հայ եկեղեցու պատմությունը, որն ամենևին քարոզչություն չէ, այլ մեր մաքառումների, մեր պատմության ուղիղ արտացոլանքն է, բայց դա, ինչպես ասում են, Կառավարության ճաշակն էր։ Ի՞նչ է լինելու իրավական առումով, որովհետև Ձեր որոշմամբ խախտվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որով սահմանվում է Եկեղեցու դերակատարումը կրթության ոլորտում, և առաջին մասի 2-րդ կետով նշվում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։ Փաստորեն այս օրենքը խախտվել է, և Եկեղեցին, Կառավարության որոշմամբ, դուրս է մնացել կրթական գործընթացից։ Ինչպե՞ս եք վերացնելու այս օրինախախտումը»:

Լրահոս