Եթե ոստիկանություն կա, թող Աշոտ Փաշինյանին պաշտպաներ. 21 տարեկան տղա է, ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում, ինչի է ընկել փողոցները. Էդգար Ղազարյան

Այն, որ դատարանը որոշեց վճիռը հրապարակել վաղը, դա արդեն լավ բանի մասին չի վկայում, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ խոսելով Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության մասին։ «Դատարանն իրավունք ուներ ոչ միայն վճռի ամբողջական տարբերակը հրապարակելու, այլև եզրափակիչ մասը։ Սա ընդամենը որոշում է կալանքի վերաբերյալ։ Իմանալով հանդերձ, որ գործ ունեն զոհված զինծառայողի մոր հետ, որն առողջական խնդիրներ ունի, հացադուլ է հայտարարել, մեկ օր ավելի կալանքի տակ պահելու իմաստը ո՞րն է։ Վստահ եմ, որ վաղը դատավորը կալանքի վերաբերյալ որոշում է տալու։ Հատուկ են որոշման հրապարակումը հետաձգել, որովհետև վաղը Կոռնիձորում հանրահավաք է նախատեսված, և այն մարդիկ ովքեր պատրաստվում են աջակցություն ցուցաբերել, հավանաբար, վաղը Կոռնիձորում կլինեն։ Դա էլ հաշվարկել են, որ հանրային աջակցություն չլինի, հանգիստ, սուսուփուս տանեն կալանավայր», - ասաց Էդգար Ղազարյանը։ Անդրադառնալով դատարանի բակում մեծաթիվ ոստիկանների առկայությանը՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Ոստիկաններ կային, թող գնային Աշոտ Փաշինյանին պաշտպանեին, որ անտեր, անտիրական, եթիմի պես չընկներ փողոցները ման գար ու այդպես խնդիրներ ստեղծեր։ Պետական պահպանության օբյեկտ է, 21 տարեկան տղա է, ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում է, ինչի՞ է ընկել փողոցները», - նշեց Ղազարյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավատվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին։ «Դատավորը նշեց, որ, ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», - լրագրողների հետ զրույցում ասել էր Գայանե Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս