Եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի

Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստին «Հարգելի’ գործընկերներ, Ձեր դեմքերի արտահայտությունը խոսում է այն մասին, որ կանխատեսում եք, որ հայերն այժմ կխոսեն ադրբեջանական ագրեսիայի, գերիների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը, ի պատասխան, ծանրաբեռնելու է ձեզ կեղծ հակադարձումներով։ Բայց թույլ տվեք ինձ բացատրել, թե ինչու ենք պարտավոր բարձրաձայնել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի և վերը նշված այլ թեմաների մասին։ Խնդրում եմ՝ իմ խոսքերն ընկալել ոչ թե որպես քաղաքական ելույթ, այլ որպես խորհելու նյութ։ Օրինակ՝ մեզանից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը։ Ես խնդրում եմ ձեզ ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև՝ ո’չ բանջարեղեն, ո’չ միրգ, ոչ ուրիշ այլ բան: Եվ երբ դուք, հարգելի’ գործընկերներ, կհասնեք ձեր հարմարավետ ու տաք հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու և նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ և էլեկտրականություն։ Ձեզանից նրանց, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային կրթություն ստանալ։ Եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին։ Եվ եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի։ Եվ երբ պարոն Սեիդովը կսկսի պատմել, որ ինքնահռչակ ակտիվիստներն օգտվում են իրենց խոսքի ազատության իրավունքից, թեպետ «խոսքի ազատությունն Ադրբեջանում» նախադասությունն ինքնին օքսիմորոն, խնդրում եմ հիշել, որ Ադրբեջանը Յեյլի համալսարանի բնապահպանական արդյունավետության ինդեքսում 104-րդն է, և ես չեմ հիշում, որ Ադրբեջանում երբևէ էկոլոգիական թեմայով բողոքի որևէ զանգվածային ցույց տեղի ունեցած լինի։ Չնայած քիչ առաջ ականատես եղանք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կասկածի տակ դնում ֆրանսիական ժողովրդավարությունը: Կարող եք պատկերացնել, որ 1989 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ Բեռլինի պատի փլուզումից հետո Եվրոպայում կլինի մի վայր, որտեղ ընտանիքներն ու հարազատները միմյանցից բաժանված կլինեն։ 21-րդ դարում երեխաները մեկուկես ամսից ավել չեն կարողանա հանդիպել իրենց ծնողներին։ Բայց հանկարծսխալ կարծիք չկազմեք. մենք չենք կարող 30 տարի սպասել. Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի։ Եվ ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը. «Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը»: Շնորհակալություն և կոչ եմ անում կողմ քվեարկել հայկական պատվիրակության առաջարկած փոփոխություններին:»

Լրահոս