Եթե ՀՀ-ն կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէինք նշի, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. Փաշինյան

Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. դա սխալ բանաձեւ է, այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ անվտանգության կարեւոր պայմաններից մեկն է, նաեւ հարցին, թե արդյոք Հայաստանն Արցախի երաշխավորի դերում է գնում բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ: «Մենք բանակցում ենք նաեւ այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Դա բանակցությունների թեմաներից մեկն է: Ինչ վերաբերում է ԼՂ անվտանգության երաշխավորը լինելուն, ապա իմ ստորագրությամբ են ՌԴ խաղաղապահները մուտք գործել ԼՂ: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման միջոցների ու մանդատի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ: Նրանք դա ստորագրել են եւ չեն ասել՝ տեսնենք Ադրբեջանը ստորագրում է, թե ոչ, նոր մենք ստորագրենք: Նաեւ սրանով է Հայաստանը անվտանգության երաշխավորի իր դերը կատարում: Եթե գնանք ավելի առաջ, ապա Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Հետեւաբար, երբ ասում են՝ Հայաստանը սկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել... եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, մենք մեր անվտանգության հիմքում այն բանաձեւը չէր լինի, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այո դրանք բարդ հարցեր են, եւ հարցերի բարդության պատճառով է, որ մենք ուղղակի այդ հարցը 1,2,3 գործողություններով հնարավոր չի լինելու լուծել»,-հայտարարեց վարչապետը:

Լրահոս