Եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում, անկարողունակ են կամ էլ` միտումնավոր են անում. Սեյրան Օհանյան

Իմ տեղեկությամբ՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումներ, ինժեներական կառույցների, սարքավորումների ընթացքում որոշակի բարելավումների իրականացման շրջանակում, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են և հերսություններ են ցուցաբերում», - ասաց Օհանյանը՝ նշելով, սակայն, որ կոնկրետ երեկված դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ կան։ «Գործընթացը տեղի է ունեցել Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում։ Ադրբեջանն իր այլընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել», - ասաց պատգամավորը։ Նրա խոսքով, եթե կա պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին ճանապարհը պետք է պատրաստ լինի և երթևեկությունն էլ նոր ճանապարհով լինի, դիրքային փոփոխություններ պետք է լինեն, ապա ինչ գործողություններ է պլանավորել հայկական կողմը։ «Ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել և՛ պլանավորումը, և՛ կազմակերպումը։ Այսքան քննադատություններից հետո Հայաստանի իշխանությունները հետևություններ չեն անում։ Այսօր էլ ասում եմ՝ տա Աստված, որ սա վերջին միջադեպը լինի, բայց արդյո՞ք մեր իշխանությունները հետևություններ կանեն։ Որոշումներում, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում և ուշանում են։ Խնդիրը միշտ ուշանալու մեջ է, նախկինում որոշումներ ընդունելու մեջ, կանխարգելիչ գործողություններ իրականացնելու, արագ գնահատելու մեջ մենք երբևիցե թերացումներ չենք ունեցել» , - ասաց Սեյրան Օհանյանը։ Պատգամավորի գնահատմամբ՝ եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում, անկարողունակ են կամ է՝լ միտումնավոր են անում։

Լրահոս