ԵԳԱԾ-ը հայտարարում է ‎Գիտության հանրայնացման եւ հաղորդակցման նախագծերի մրցույթ. վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթ», որի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառների և երիտասարդ գիտնականների գործունեության հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանը։ Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել. գիտության հանրայնացմանը և հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանն ուղղված նախագծերի իրագործման համար, երիտասարդ գիտնականների և/կամ լրագրողների միջև նոր համագործակցային կապերի հաստատման, ինչպես նաև մատչելի հաղորդակցմանը և տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, մրցույթը նախատեսված է գիտության բոլոր բնագավառների համար։ Մրցույթի հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական և/կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչները։ Հայտատուն և խմբի անդամները կարող են լինել նույն կամ տարբեր կազմակերպությունների ուսանող(ներ) և/կամ աշխատակից(ներ), ՀԿ-ների դեպքում՝ անդամ(ներ)։ Հայտի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 20-ն է: Հայտերի գնահատումն իրականացվելու է ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից: Գնահատվելու է նախագծի հիմնավորումը, նորարական մոտեցումը, ակնկալվող չափելի արդյունքները, նախահաշիվը, համաֆինանսավորման առկայությունը, գիտության հանրայնացման և/կամ լուսաբանման ուղղությամբ խմբի ունեցած փորձը և ձեռքբերումները։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://tinyurl.com/yt2mxzkp, իսկ մրցույթի հայտը պետք է ներկայացնել այստեղ՝ https://tinyurl.com/3d2bye8u:

Լրահոս