Դրական եզրակացություն է տրվել «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր: Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվում է ներդնել ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան փոխելու ՄԿՈՒ ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: Կսահմանվի նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաև կներդրվեն վարձատրության մեխանիզմների բարելավման հետ փոխկապակցված մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման ճկուն համակարգեր: «Վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեխանիզմներ: Կարևոր փոփոխություններից մեկը մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրումն է, որի նպատակն է բարելավել ոլորտում աշխատող մասնագետների վարձատրությունը՝ ապահովելով հավելավճարների կայուն մեխանիզմներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ըստ նախարարի տեղակալի՝ օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը նոր իրավական ակտեր ընդունելու լիազորություն է տրվել, որոնց հիման վրա կմշակվեն ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի տրամադրման նոր կարգերը: Դրանց արդյունքում կբարձրանա մանկավարժների աշխատավարձը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նաև ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ՝ ուսանողների և դասախոսների համար: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին, նշել է, որ քոլեջները և ուսումնարանները, բացի ՊՈԱԿ-ից, կարող են ունենալ նաև օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական այլ ձև: Ըստ նրա՝ դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։ Փոփոխություններ կիրականացվեն նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքին վերաբերող հավաստագրման ընթացակարգում: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Լրահոս