Դեշամը՝ եզրափակիչին Բենզեմայի հնարավոր մասնակցության մասին

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի Դիդիե Դեշամն անուղղակիորեն հաստատել է, որ ինքը չի հրավիրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային վերականգնվելուց հետո։ Այս տարվա «Ոսկե գնդակի» դափնեկիրը ազդրի մկանային վնասվածքի հետեւանքով բաց է թողել աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները։ Բենզեման «Ռեալ» վերադառնալուց հետո մեկ շաբաթում ապաքինվել է եւ լիարժեք մարզումներ է անցկացնում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում, մասնակցել է նաեւ մեկ ստուգողական հանդիպման «Լեգանեսի» դեմ (1:1): Նա մնում է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում եւ կստանա աշխարհի առաջնության մեդալ։ «Եթե չպատասխանեմ այդ հարցին, կասեք, որ ես չար մարդ եմ։ Մենք ունենք վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ։ Քարիմը նրանցից մեկն է։ Վերջինը վնասվածք է ստացել Լուկաս Էրնանդեսը։ Դրանից հետո իմ տրամադրության տակ եղել է 24 խաղացող։ Նրանց պետք է ճիշտ կառավարել։ Վնասվածքներ ստացած ֆուտբոլիստների մասին հարցեր տալը տգեղ է։ Կազմն այստեղ է։ Ես չեմ զբաղվում նախկին կամ վնասվածք ստացած ֆուտբոլիստների հրավերով։ Ես չգիտեմ, թե ով կլինի եզրափակիչում։ Սկզբում ունեինք մի կազմ, հետո երեք խաղացողից զրկվեցինք։ Նկունկուին մի մոռացեք։ Վաղը եզրափակիչին կլինի 24 ֆուտբոլիստ»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։ Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Լրահոս