Դատարանն անօրինական է ճանաչել Wildberries-ում անորակ կամ թերի ապրանքների վճարովի վերադարձի պրակտիկան

Մոսկվայի մարզի Պոդոլսկի քաղաքային դատարանն անօրինական է ճանաչել Wildberries ինտերնետային խանութի անորակ կամ թերություններ ունեցող ապրանքների վճարովի վերադարձը: Ճիշտ է, Wildberries-ը նախատեսում է վիճարկել այս որոշումը: Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Մոսկվայի մարզի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Դրոզդը РБК-ին ասել է, որ 2023-ի մարտի սկզբին Մոսկվայի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչությունը հայց է ներկայացրել շրջանառությամբ Ռուսաստանի ամենամեծ ինտերնետային խանութի՝ «Wildberries» ՍՊԸ-ի դեմ։ Ապրիլի 13-ին հայցը բավարարվել է, և ինտերնետային խանութի գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ։ Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ «Wildberries» ՍՊԸ-ն առցանց վաճառքի ժամանակ թույլ է տալիս «գործող օրենսդրության խախտումներ»՝ «վերադարձի առաքման համար սպառողներից գումարներ գանձելով կամ պահելով, երբ նրանք հրաժարվում են անորակ ապրանքներից»: Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ Մոսկվայի մարզի վարչության պետի տեղակալի, եթե գնորդը գնված ապրանքներում հայտնաբերել է թերություններ կամ խնդիրներ, որոնք վաճառողի կողմից չեն նշվել, նա իրավունք ունի. Պահանջել, որպեսզի այն փոխարինվի նույն ապրանքանիշով, այլ ապրանքանիշով՝ ապրանքների գնի վերահաշվարկով, Պահանջել թերությունների անհատույց վերացում, Հրաժարվել գնումից և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումար, Պահանջել ամբողջական փոխհատուցում անորակ ապրանքների վաճառքից առաջացած վնասների համար: Wildberries-ի ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն դատարանի որոշման հետ և մտադիր են այն բողոքարկել ավելի բարձր ատյանում։ «Դատարանը լիովին չի հասկացել գործի հանգամանքները. ընկերության ներկայացուցիչները ներկա չեն եղել, քանի որ պատշաճ կերպով չեն ծանուցվել և չեն կարողացել ներկայացնել իրենց փաստարկները»,- РБК-ին ի պատասխան ասել է ընկերության ներկայացուցիչը:

Լրահոս