Դանակահարություն Երևանում․ բժիշկները փրկել են 21-ամյա տղայի կյանքը

Երեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու շնորհիվ, պարզել են, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ, վիճաբանության ժամանակ։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս