Գրիգորի Խաչատուրովին չկալանավորած դատավորի նկատմամբ վարույթ կնախաձեռնվի. Գլխավոր դատախազությունը գրությունն ուղարկել է ԱԱԾ․ 168․am

Մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) Մեսրոպ Մակյանը կալանավորեց բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին: Մեսրոպ Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, ով մերժեց նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը: Դեռ այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ ՀՀ գործող իշխանությունը, որն ամեն գնով խնդիր էր դրել կալանավորել Խաչատուրովին, ծանր էր տարել դատավորի կայացրած որոշման փաստը և, ի դեմս գլխավոր դատախազության, պատրաստվում է որոշակի գործընթաց նախաձեռնել վերջինիս նկատմամբ: Լուրերը փաստորեն անհիմն չէին: 168.am-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` Տիգրան Դավթյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու գործավարական կարգի խախտման համար:Դատավորի կազմին արդեն իսկ կանչել են հարցաքննության, իսկ դատավորին ցանկանում են մեղադրանք առաջադրել՝ լիազորությունների դադարեցման հեռանկարով: Եվ հետաքրքիր է՝ արդյոք նույն գործավարական խախտումը, որը, ենթադրվում է, որ մեղսագրվելու է դատավորին, չի՞ կատարվել, օրինակ, նաև քննիչների ու դատախազների կողմից, թե՞ դա վերաբերելի է միայն Գրիգորի Խաչատուրովին չկալանավորած դատավորին: Զուգադիպությո՞ւն է Տիգրան Դավթյանի դեմ նախաձեռնված գործընթացը, թե՞ դիտավորություն, ցույց կտա ժամանակը, բայց մենք վաղուց տեսել ու համոզվել ենք՝ նման հարցերում պատահականություններ չեն լինում:

Լրահոս