Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Հայաստանի ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց հուզող հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ:  «Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը: 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս