Գյումրիում բար-ռեստորանի մոտ վեճի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդին

Ապրիլի 2-ը նոր էր սկսվել, երբ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց հաղորդում. որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր դիմել 22-ամյա մի երիտասարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Չերազի փողոցի բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդին: Մինչ կպարզվեր այդ հանգամանքը, Շիրակի պարեկները Չերազի փողոցից Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի: 23-ամյա երիտասարդը դեմքի վնասվածքով էր. նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանք նույն վիճաբանության մասնակիցներ էին: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կումայրիի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեմքի վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդն էր դանակի հինգ հարված հասցրել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին, իսկ նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ու մարմնական վնասվածքներ էին պատճառել 21 և 22 տարեկան վիճաբանողները: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Լրահոս