Գյումրին հինգ տարի անց առանց տնակների կլինի. փոխվարչապետ

Առաջիկա 5 տարիների ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների և ոչ հիմնական շինությունների հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: «Ցավում եմ, որ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր և կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը հնարավորինս շուտ վերացվեն: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուների հարցը մեծ մասով կարող ենք համարել լուծված: Մի քանի քաղաքացիներ, որոնք Չքաձոր համայնքի 28 բնակիչներ են, իրենց դիմումի համաձայն նախընտրել են, որ իրենց բնկարնային ապահովման խնդիրը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման եւ համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում: 2023-ի ավարտին արդեն կարող ենք փաստել, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային ապահովման հարցը ամբողջությամբ լուծված կլինի: Իհարկե, կան նեւ դատական գործեր: Բացի այդ, այս տարվա հոկտեմբերին շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,- ասաց փոխվարչապետը։ Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին քաղաքը տնակներից ձերբազատելու նոր ծրագիր է մեկնարկելու. «Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով՝ նախ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են»,– ասաց պաշտոնյան: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին հայտնեց, որ տնակներում բնակվող ընտանիքներից 36–ն առաջիկայում բնակարաններ կստանան Գյումրու Մուշ-2 թաղամասում, իսկ հաջորդ տարի բնակարանամուտ կտոնեն ևս 66 ընտանիքներ։ Քաղաքապետի խոսքով` կլինեն նաև սոցիալական բնակարաններ: Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին:

Լրահոս