Գերմանիայի նախագահը հավաստիացրել է Ուկրաինային համակողմանի աջակցության մասին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հավաստիացրել է Ուկրաինային, որ Գերմանիան այսուհետ եւս կաջակցի նրան։ «Իմ ուղերձն ուկրաինացիներին հետեւյալն է. մենք ոչ միայն ձեր կողմից ենք, այլեւ այսուհետ եւս օգնություն կցուցաբերենք Ուկրաինային՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական»,- ասել է Գերմանիայի նախագահը երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ի առավոտյան Կիեւ ժամանելուն պես, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։ Շթայնմայերը միաժամանակ նշել է, որ իր ուղերձը գերմանացիների համար հնչում է այսպես. «Եկեք չմոռանանք, թե ինչ է նշանակում մարդկանց համար այս պատերազմն այստեղ՝ Ուկրաինայում, որքան տառապանք ու ավերածություններ է բերում այն։ Մարդիկ Ուկրաինայում մեր կարիքն ունեն»։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ իր համար կարեւոր է «ուկրաինացիներին համերաշխության նշան ուղարկել հենց հիմա, անօդաչուների, թեւավոր եւ այլ հրթիռների օգտագործմամբ օդային հարձակումների այս փուլում»։

Լրահոս