Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական գործիչ Իվետա Տոնոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը և հարգում եմ իմ գործընկերների մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ցանկացած եղանակով իրենց հուզող հարցի պատասխանը ստանալու ցանկությունը, սակայն պետք է ընդունենք, որ դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար, այն էլ դատական նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ: Լրատվամիջոցների իմ գործընկերներին առաջարկում եմ հետագայի համար միասին քննարկել արդյունավետ ձևաչափ՝ ձեզ հուզող հարցերի հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխանները ստանալու համար: Վերադառնալով բուն քրեական գործին, պետք է ասեմ, որ իմ անձնական կարծիքով Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ երկրում բազմաթիվ գործընթացներ գնում են սխալ ուղղությամբ և այդ տեմպերով շարունակվելու դեպքում երկիրը կանգնելու է պատերազմի առաջ, ինչը և տեղի ունեցավ»։ Հիշեցնենք, որ այսօր դատարանի բակում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր՝ «անկապ հարցեր մի տվեք» և խնդրել էր, որ իրեն ուղղեն «խորիմաստ» հարցեր։

Լրահոս