Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Ավարտական քննություններ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին՝ դեկտեմբերի 15-ից 30-ը։ Միասնական քննություններ Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին: Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների և ՄԿՈԻ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կցվում է : Պահանջվող փաստաթղթեր Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։ Միասնական քննությունների վճարից ազատվում են` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Լրահոս