Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. մոտը թմրանյութ է հայտնաբերվել

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն  ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024 թվականը նույնպես հայտարարել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի տարի, այդ թվում պայքար թմրամոլության ու դրա տարածման դեմ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործողությունների շրջանակներում մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում։ Նույն օրը ոստիկանության Արթիկի բաժնում՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ խումբ և ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ նա գտնվում է Շիրակի մարզում։ «Տեղում իրականացվում է «Տիրացու Զավենի չափ էլ չկաս» օպերացիան ու Արթիկի ոստիկանները թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու  անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Արթիկի բաժին։ Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։ Արտակ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կանեփ» տեսակի բույսի չորացած թփեր, որոնք անցած տարվա սեպտեմբերին  քաղել է Մաստարա բնակավայրի «Ֆերմաներ» կոչվող տարածքում վայրի աճած կանեփի թփերից, չորացրել և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով: Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի փաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք  փոխանցվել են  ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է»,- ասվում է հաղորդագրութունում:

Լրահոս