Բեռնատարը և հեռախոսները թողել ու փախել էին հանդամասից

Բնապահպանական ոլորտի հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների ձեռնարկած հերթական միջոցառումը նոյեմբերի 27-ին էր: Ոստիկանությունից հայտնում են, որ երեկոյան ժամը հինգի սահմաններում Դսեղի անտառտնտեսության մի հանդամասում նրանք մոտեցել էին բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարող անձանց, որոնք դիմել էին փախուստի: Հանդամասում ոստիկանները հայտնաբերել են առանց համարանիշի «ԳԱԶ-66» բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով, նաև` լորենու կոճղեր: Անտառահատներն այնքան արագ էին լքել տարածքը, որ մեքենայի սրահում թողել էին ոչ միայն բենզասղոցի պահեստամասեր ու կացին, այլև բջջային երկու հեռախոս: Դեպքի վայրը պահպանելու նպատակով նշանակվեց ոստիկանական վերակարգ: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ավտոմեքենան և փայտանյութը պատկանում են դսեղցի 25-ամյա մի երիտասարդի: Արդեն առավոտյան նա հայտնաբերվեց ու ներկայացվեց ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանեց, որ բենզասղոցով ապօրինի հատել էր երկու լորենի, որոնք ընկերոջ հետ մանրացրել և բեռնել էին մեքենան: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Լրահոս