Բելառուսում Տիխանովսկայայի գրասենյակը ծայրահեղական կազմավորում են ճանաչել

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը, Բելառուսից հեռացած երկրի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը եւ նրան մոտ կանգնած այլ կառույցներ Բելառուսում ճանաչվել են ծայրահեղական կազմավորումներ, հաղորդում է երկրի ՆԳՆ-ի կայքը: Ծայրահեղական կազմավորումների ցանկում, որը հրապարակվել է նախարարության կայքում, ներառված է «Սվետլանա Տիխանովսկայայի թիմ» կազմավորումը՝ դրա մեջ մտնող «Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակ», «Սվետլանա Տիխանովսկայայի ներկայացուցիչների կաբինետ», «Սվետլանա Տիխանովսկայա» կառույցներով։   Ծայրահեղական կազմավորում ճանաչելու եւ այդ կառույցների կողմից միավորված քաղաքացիների գործունեությունն արգելելու մասին որոշումը ՆԳՆ-ն ընդունել է հունվարի 26-ին: Պարզաբանվում է, որ քաղաքացիների այս խումբը «ծայրահեղական գործունեություն է իրականացնում»։ Որոշման համաձայն՝ արգելքի տակ են հայտնվել այդ կառույցների կայքերը, Telegram-ալիքները, սոցցանցերի օգտահաշիվները։    Բացի այդ, ՆԳՆ հունվարի 26-ի որոշմամբ համակարգող խորհուրդը, որի ստեղծումը 2020 թվականին նախաձեռնել է Տիխանովսկայան, նույնպես ճանաչվել է ծայրահեղական կազմավորում, նրա գործունեությունն արգելված է։ Արգելքի տակ են հայտնվել նրա կայքը, Telegram ալիքը, սոցցանցերի օգտահաշիվները։

Լրահոս