Բելառուսում սկսվել է Սվետլանա Տիխանովսկայայի հեռակա դատավարությունը

Մինսկի քաղաքային դատարանում երեքշաբթի՝ հունվարի 17-ին, սկսվել է բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Սվետլանա Տիխանովսկայայի հեռակա դատավարությունը, որն իրեն երկրի նախագահ է հայտարարել 2020 թվականի օգոստոսին պետության ղեկավարի վիճահարույց ընտրություններից հետո։ Տիխանովսկայայի հետ միասին որպես մեղադրյալ դատարան են կանչվել ընդդիմադիրներ Պավել Լատուշկոն, Մարիա Մորոզը, Օլգա Կովալկովան եւ Սերգեյ Դիլեւսկին։ Բոլոր ամբաստանյալներին մեղադրում են հակասահմանադրական ճանապարհով պետական իշխանությունը զավթելու դավադրության, ծայրահեղական կազմավորում ստեղծելու եւ այդպիսի կազմավորում ղեկավարելու, սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) հրապարակային կոչերի, Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված այլ գործողությունների, սոցիալական թշնամանքի եւ տարաձայնությունների հրահրման մեջ: Բացի այդ, գործի ֆիգուրանտներին տարբեր համակցությամբ մեղսագրվել են եւս մի քանի հոդվածներ։ Այսպիսով, Տիխանովսկայան լրացուցիչ մեղադրվում է պետությանը դավաճանելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու, շենքեր եւ շինություններ գրավելու, ԿԸՀ-ի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Սվետլանա Տիխանովսկայան իր նկատմամբ հեռակա դատավարությունը ֆարս եւ վրեժ է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: «Այս դատավարություններն ամենեւին էլ դատավարություններ չեն։ Սա շոու է, ֆարս է, եւ արդարադատության հետ որեւէ կապ չունի։ Սա Լուկաշենկոյի եւ նրա կամակատարների անձնական վրեժն է, բայց ոչ միայն ինձ, այլեւ այլ մարդկանց, ովքեր դիմակայում են նրան»,-հավելել է նա։ Տիխանովսկայայի խոսքով ՝ իրեն դատական փաստաթղթերի հասանելիություն չեն տրամադրել։ Դատարանի կողմից նշանակված փաստաբանի հետ կապ հաստատելու փորձը հաջողությամբ չի պսակվել։ «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է անելու իմ փաստաբանը վաղը այս դատարանում»,-ասել է Տիխանովսկայան։

Լրահոս