Բելառուսում բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Բելառուսում բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, գտնվում է Գոմելի հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում։ Նախ հաղորդվել է, որ հոսպիտալացման պատճառը հայտնի չէ, սակայն ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ Կոլեսնիկովային «հիվանդանոց են տեղափոխել վիրաբուժական պաթոլոգիայով եւ վիրահատել»։ «Այժմ նա կայուն ծանր վիճակում է։ Վաղը կտեղափոխվի վիրաբուժական բաժանմունք»,-Facebook-ում հայտնել են նրա աջակիցները։ 2021 թվականի սեպտեմբերին Մինսկի դատարանը Կոլեսնիկովային 11 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղադրել են իշխանության զավթման նպատակով դավադրության, իշխանության զավթման հրապարակային կոչերի եւ «ծայրահեղական կազմավորում» ստեղծելու մեջ։ Կոլեսնիկովան իր դեմ մեղադրանքներն «անհեթեթություն» է անվանել։ Նա հրաժարվել է համագործակցել քննության հետ՝ իր ազատման դիմաց։ Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են ելույթ ունենալ պետական հեռուստաալիքով, ինչպես դա արել է NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը։ Ավելի վաղ Կոլեսնիկովան աշխատել է Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի ընտրական շտաբում։ Բաբարիկոյի ձերբակալությունից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական արշավում, ապա ընդգրկվել ընդդիմության կոորդինացիոն խորհրդի կազմում։

Լրահոս