«Բա սրան առաջին պլան կբերե՞ն». Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին

Երևանի կրկեսի տնօրեն կա՝ Սոս Պետրոսյանը, մի այսպիսի արդեն թևավոր արտահայտություն ունի՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածությունը քննարկելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Այնուհետեւ դիմելով Արմեն Դանիելյանին՝ Գեղամ Մանուկյանը ասաց, որ փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, երբ որ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է իրեն, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու: «Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր  Արմեն Դանիելյանին մակագրված  քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Դանիելյանը Մանուկյանից ճշտեց, թե հարցը հնչեցվում է իրեն քննադատելո՞ւ համատեքստում և, ստանալով դրական պատասխան, շարունակեց. «Ես բավականին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը, ըստ իս, պետք է լինի առողջ: Քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և  քիչ, թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում: Բացի այդ, քննադատության մեջ ներառված բաղադրիչների քիչ, թե շատ օբյեկտիվ, գնհատողական դատողություն անելու համար երեւի թե պետք է հարցին անդրադառնալ խնդրո առաջրկային առնչվող բոլոր  փաստական հանգամանքներին եւ դրանցում ներառված բաղադրիչների վերլուծության եւ գնահատման համատեքստում»: Գեղամ Մանուկյանը, ակնարկելով պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը, կրկին հարցրեց, թե դատավորը, որը կայացնում է վճիռ և հետո Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է համարում և կայացնում է հակառակ վճիռ, այդ դատավորի հետագա գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն: Արմեն Դանիելյանը հայտնեց որ մատնանշված դատական ակտը հրապարակային է,  բոլորը կարող են ծանոթանալ և, բերելով դատավորի զսպվածության նորմի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվեց պատասխանել հարցին:

Լրահոս