Բաքվի եւ Երեւանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա. ՌԴ ԱԳՆ

Բաքվի եւ Երեւանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա, ընդ որում՝ ադրբեջանական եւ հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին եւ ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Պատասխանելով կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին հարցին՝ նա նշել է, որ «հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը, մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխանգարենք  դրա առաջմղմանը»։ «Բաքուն եւ Երեւանն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին եւ ինչպես են մտադիր ապահովել կայուն եւ հուսալի խաղաղություն իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում՝ հասկանալի է, խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը համակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին։ «2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ պատրաստման կարեւորությունը տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Գալուզինը համոզված է, որ  «այդ համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնեցրած եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»։ «Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում եւ ձեւավորում են Բաքվի եւ Երեւանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,- նշել է նա։ Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է «կողմերին գտնել շփման կետեր, իրենց համար ընդունելի ձեւակերպումներ եւ փոխզիջումներ»։ Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետեւ սպասվում է եռակողմ հանդիպում։ 

Լրահոս