Բարաք Օբաման փորձում է օգնել դեմոկրատներին հաղթել միջանկյալ ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման փորձում է անել այն, ինչը չի կարողացել անել նախագահական երկու ժամկետում. օգնել դեմոկրատներին հաջողության հասնել համազգային միջանկյալ ընտրություններում, երբ նրանք արդեն զբաղեցնում են Սպիտակ տունը, գրել է AP-ը։ Ուրբաթ օրը Օբաման սկսում է ճամփորդությունը «մարտադաշտ» հանդիսացող նահանգներում՝ Ջորջիայում, Միչիգանում եւ Վիսքոնսինում, իսկ հաջորդ շաբաթ կմեկնի Նեւադա եւ Փենսիլվանիա։ Երթուղին ընտրվել է այն ժամանակ, երբ Բայդենը եւ դոմոկրատները փորձելու են կանխել հանրապետականների ուժեղ գրոհը՝ ուղղված այն բանին, որպեսզի կոտրեն դեմոկրատների մեծամասնությանը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում եւ նահանգապետերի կարեւոր պաշտոններ զբաղեցնեն 2024թ. նախագահական ընտրություններին ընդառաջ։ Կուսակցական ստրատեգների կարծիքով՝ Օբաման մեծ ազդեցություն ունի անգամ տնտեսական անորոշության ժամանակ։ «Այսօր Օբաման հազվադեպ տեղ է զբաղեցնում մեր քաղաքականությունում»,- ասել է Դեւիդ Աքսելրոդը, որն օգնել է ձեւավորել Օբամայի ընտրարշավները՝ սկսած Սենատից (Իլինոյսում), վերջացրած նախագահական ընտրություներով։«Ակնհայտ է, որ դեմոկրատները, ինչպես նաեւ անկախ ընտրողները հավանում են նրան»։ Աքսելրոդը եւ ուրիշներ նշել են, որ ոչ Բայդենը, ոչ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեն կարող հավակնել դրան, անգամ չնայած այն բանին, որ երկուսն էլ ակտիվացրել են իրենց ընտրարշավը նոյեմբերի 8-ի նախօրեին։ «Բարաք Օբաման մեր կուսակցության լավագույն պատվիրակն է, եւ նա շատ պոպուլյար է երկրում»,- ասել է Հարավային Կարոլինայից դեմոկրատ, հայտնի մեկնաբան Բաքարի Սելերսը։ Օբաման պաշտոնից հեռացել է 2017թ. հունվարին հավանության 59 տոկոս վարկանիշով։ Մեկ տարի հետո, ըստ «Գելափի», նրա վարկանիշը հասել էր 63 տոկոսի։ Դա զգալիորեն ավելի բարձր է նրա 2010թ. վարկանիշից, երբ դեմոկրատները կորցրին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը միջանկյալ ընտրություններում։ Չորս տարի հետո Հանրապետական կուսակցությունը վերականգնեց վերահսկողությունը Սենատում։ Բայդենը հինգշաբթի մեկնել է Սիրակուզի (Նյու Յորք)։ «Դեմոկրատները կառուցում են ավելի լավ Ամերիկա բոլորի համար՝ այնպիսի տնտեսությամբ, որի ժամանակ բոլորը հաջողակ են»,- ասել է Բայդենը՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը։ Դեմոկրատ Լիզ Սմիթը կարծում է, որ Օբաման ավելի լավ է պատրաստված ամերիկացիներին ավելի լավ տնտեսոթյուն ունենալը փաստարկելու համար, որոնք դեռ չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը եւ արդյոք քվեարկելու են առհասարակ։ «Եթե սա հանրաքվե է դեմոկրատների եւ տնտեսության մասին, ապա մենք վրիպել ենք»,- ասել է Սմիթը՝ խոստովանելով, որ ոչ մի գործող կուսակցություն չի ցանկանում առաջադրվել կայուն գնաճի պայմաններում։ «Բայց դուք պետք է ընտրություն կատարեք երկու կուսակցությունների միջեւ, բյուրեղացնեք տարաձայնությունները»։ Օբաման դա արել է 2008 եւ 2012թթ. նախագահական ընտրություններում՝ «հաղթելով շատ սպիտակ ընտրողների աշխատավորական դասից»։ Նա չկարողացավ կրկնել դա միջանկյալ ընտրություններում, բայց այս անգամ նա նախագահ չէ։ Սմիթը եւ Աքսելրոդն ասել են, որ դա նշանակում է, որ Օբաման կարող է այնպես հմուտ ներկայանալ, որպեսզի պաշտպանի դեմոկրատների ձեռքբերումները՝ գնաճի կրճատման մասին օրենքից մինչեւ կորոնավիրոսւի համավարակի դեմ պայքարի միջոցների փաթեթ, որը շատ դեմոկրատներ խուսափել են գովազդել, որովհետեւ հանրապետականներն այն քննադատում են գնաճի պատճառով։

Լրահոս