Բանակի բարեփոխման մասին նոր օրենքը որոշակի ռիսկեր եւ անորոշություններ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ներկա ձեւով որոշակի ռիսկեր եւ անորոշություններ է պարունակում։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 17-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորին, օրինակ, անհասկանալի են ատեստավորման չափանիշներն ու սկզբունքները։ «Անհասկանալի է, թե ինչպես են գնահատվելու զինվորականների գիտելիքները եւ հմտությունները, ինչի հիման վրա են նրանք գնահատվելու, որտեղ են այն երաշխիքները, որ այս պրոցեսը օբյեկտիվ եւ անաչառ է լինելու։ Սա կարեւոր է։ Չէ՞ որ պրոցեսի ցանկացած խափանում, սուբյեկտիվիզմի եւ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսեւորում կարող են հանգեցնել զինվորականների հիասթափության»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Աբրահամյանը համոզված է. զինծառայողների խրախուսման անգամ կատարյալ համակարգը պետք է ներդրվի այնպիսի պայմաններում, երբ բազային աշխատավարձը հասցված է քիչ թե շատ ընդունելի մակարդակի։ «Իսկ ներկա պայմաններում պայմանագրային զինծառայողների բազային աշխատավարձը չափազանց ցածր է։ Պարեկային ոստիկանները շատ ավելի են ստանում պայմանագրային զինծառայողներից, որոնք ծառայում են առաջնագծում՝ պատերազմի մշտական սպառնալիքի ներքո»,- նշել է պատգամավորը։ Իր նկատառումները նա ներկայացրել է պաշտպանության նախարարություն եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբ։ Պատգամավորը միաժամանակ աջակցություն է հայտնել «Հայրենիքի պաշտպան» ծրագրին, որով ենթադրվում է ժամկետային զինծառայողների անցում պայմանագրային ծառայության՝ ժամկետային ծառայության 6 ամսից հետո։ Նա համոզված է, որ որոշ թերություններով հանդերձ, որոնք կապված են, նախ եւ առաջ, զինծառայության ընկալման հետ, օրինագիծը, ըստ էության, թույլ կտա հանրայնացնել ծառայությունը բանակում։

Լրահոս