Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու անօրինական հրամանին. Սեյրան Օհանյան

Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այս գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանի բավարարելը «հանցագործությունն է, դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։ «Այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադբեջանական ստորաբաժանումներն այլ հատվածներից հետ են քաշվելու։ Հարցին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց։ Այս ընթացակարգի խախտումը նաև սահմանադրական նորմի խախտում է, և գտնում եմ, որ այս գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,-ասաց նա։ Սեյրան Օհանյանը հաստատեց, որ բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին։ «Այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավուքների մեջ է։ Ոչ թե պաշտպանությունից պետք է հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»,-ասաց նա։

Լրահոս