Բայդենի տան գաղտնի փաստաթղթերի գործի հետաքննության համար նշանակվել է հատուկ դատախազ

Արդարադատության նախարար Մերիկ Գարլանդը նշանակել է հատուկ դատախազ՝ հետաքննելու համար նախագահ Ջո Բայդենի գաղտնի փաստաթղթերի հետ հնարավոր սխալ վարվելու գործը։ Բայդենի փոխնախագահ եղած ժամանակվա գաղտնի մակագրությամբ փաստաթղթերը հայտնվել էին Դելավերի նրա տանը, ինչպես նաեւ Փեն-Բայդեն վերլուծաբանական կենտրոնի նրա աշխատասենյակում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ Հատուկ դատախազ է դարձել Մերիլենդի նահանգի նախկին դաշնային դատախազ Ռոբերտ Հուրը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Թրամփի վարչակազմի կողմից։ 2021-ից Ռոբերտ Հուրը զբաղվում է մասնավոր իրավաբանական գործունեությամբ Վաշինգտոնում։ Հայտարարելով այս նշանակման մասին՝ Գարլանդն ասել է, որ արդարադատության նախարարությունը կարող էր ինքնուրույն իրականացնել այդ հետաքննությունը, բայց «արտակարգ հանգամանքները պահանջում են հատուկ դատախազի նշանակում այս հարցում»։ «Այս նշանակումը հասարակության համար ընդգծում է արդարադատության նախարարության հավատարմությունը հաշվետվողականությանն առանձնակի նուրբ հարցերում, եւ այն, որ նա ընդունում է որոշումներ՝ առաջնորդվելով միայն փաստերով եւ օրենքով»,- ասել է Գարլանդը։ Նա ընդգծել է, որ վստահ է, որ պարոն Հուրը անաչառ կկատարի իր պարտականությունները», եւ խոստացել է նշանակված հատուկ դատախազին լիակատար աջակցություն արդարադատության նախարարության կողմից։ Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստ է համակողմանիորեն համագործակցել հատուկ դատախազի գրասենյակի հետ։ Մամուլի ասուլիսում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը տեղեկացրել է, որ նախագահը չի իմացել, որ փաստաթղթերը, որոնց մասին խոսվում է, հայտնվել են նրա թղթերի մեջ, եւ հենց որ դրանք հայտնաբերվել են, Բայդենի մասնավոր իրավաբաններն անհապաղ տեղեկացրել են այդ մասին Ազգային արխիվին եւ արդարադատության նախարարությանը։

Լրահոս