Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար մեքենան

Մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե: Տեղեկանում ենք  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  լրատվական ծառայությունից։ Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և նյութական վնաս է հասցրել ընկերությանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները՝ քաղաքացիների առողջությանն ու ընկերության նյութական միջոցներին վնաս չհասցնելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար։

Լրահոս