Արմավիրի մարզի 65-ամյա բնակիչը խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու և որդու միջև ծագած վիճաբանության ընթացքում, վերջինս սկսել է կոտրել տան գույքը և հոր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցրել: Որդու պահվածքից հոր համբերությունը սպառվել է,  և նա, խոհանոցից վերցնելով դանակը, ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցի հատվածին: Վերջինս ընկել է, որից հետո վեր կենալով վազել է փողոց և հանդիպելով համագյուղացիներից մեկին խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 65-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Լրահոս