«Արա՛, զոհերի թվերը չավելացնե՛ս հանկարծ, հասկացա՞ր»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին

2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելով ես նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, որոնք շահել են այդ իրադարձություններից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը: Նրա այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց: ՔՊ-ի պատգամավորները սկսեցին աղմկել: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Կլոունը եկել է շոու սարքի, թողեք արագ ավարտի, գնա»: Էդգար Ղազարյանը շարունակեց. «2018-ին տըեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում: Այսինքն խաբեությամբ,մարդկանց խաբելով մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, խաբեությամբ տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, յնուհետեւ այդ իշխանությունը պահել են եւ շարունակում են պահել բացառապես անօրինական գործողությունների, բռնությունների, ինչպես ականատեսն եք նման խուլիգանական վարքագծի հետեւանքով պահում են այդ իշխանությունը, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին եւ իրենց անձնական բարեկեցությանը: Հետեւաբար, այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ պաշտոնում ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը: Մարդու իրավունքների մեջ ամենաթանկը կյանքի իրավունքն է, եւ ՄԻՊ-ը պետք է փորձի պարզել ավելի քան 5 հազար երիտասարդների մահվան պատճառը»: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղից արձագանքեց. «Արա, զոհերի թիվը չավելացնես հանկարծ, հասկացա՞ր: 44-օրյա պատերզմում մենք մոտ 4 հազար զոհ ենք ունեցել: Ձեզ հաճույք է պատճառո՞ւմ հազարով ավելացնել զոհերի թիվը: Նոր ժողովրդին վիրավորեցիք, հիմա զոհերի թիվն եք ավելացնում, ձե՞ռ եք առել ձեզ լրիվ: Հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք գտնվում»: Ի վերջո, ՔՊ-ականները որոշեցին լքել նիստը, մինչեւ Էդգար Ղազարյանն իր ելույթը կավարտի, հետո իրենք կվերադառնան:

Լրահոս