Ավտովթարի է ենթարկվել դերասան Ռաֆայել Երանոսյանը, նա վիրավոր վիճակում օգնել է մյուս վիրավորներին. Shamshyan.com

Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Կայքի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը սիրված ու ճանաչված դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։

Լրահոս