Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք. Ցանկանում են բանակցել ռուս խաղաղապհների հետ ու անցնել Արցախ

Երևանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտյան ավտոթերով դեպքի Լաչինի միջանցք մեկնող քաղաքացիներին արդեն այնտեղ են։ «Տարբեր նախագծեր ենք իրականացրել և իրականացնում Արցախում։ Գիտակցում էինք, որ ճանապարհը փակ է, բայց փորձելու ենք անցակետերի ներկայացոuցիչներին ներկայացնել մեր պահանջը, մոտեցումները, խնդրանքը որպեսզի կարողանանք անցնել ու հասնել Ստեփանակերտ»,- Factor.am-ի ուղիղ եթերում ասաց նախաձեռնության անդամ Սամվել Մովսիսյանը՝ հավելելով, որ ուզում են տարբեր անցակետերի ներկայացուցիների հետ բանակցելով՝ պետք է շարժվել առաջ։ «Մենք ոչ մի կռիվ, ոչ մի բախումներ չենք ունենալու ոստիկանների, ռուս խաղաղապահների հետ։ Միասին բանակցելու ենք հայ ոստիկանների հետ՝ ներկայացնելու, թե ինչ նախաձեռնություն է, ինչու համար ենք գնում Արցախ։ Դրանից հետո շարունակելու ենք ռուս գործընկերներին ներկայացնել մեր խնդրանքը, պահանջը։ Մեր այցի կարևոր նպատակն է՝ մեր այցելությամբ քաջալերել Արցախում ապրող երեխաներին, մեր եղբայրներին ու քույրերին, վաղը կամ մյուս օրը հետ ենք վերադառնում»,- ասաց նա։ Արդեն առաջին անցակետում ոստիկանն ասաց. «Ձեր մտահոգությունը մեր նույն մտահոգությունն է, հասկանում ենք ձեր մտահոգությունը»։ Այնուհետև ասաց, որ նախաձեռնության անդամների պահանջը կզեկուցի վերադասին։ «Գնում ենք բոլորով, մի փոքր հեռավորության վրա կանգնում ենք, մի քանի հոգի մոտենում են խաղաղապահներին ու բանակցում ենք»,- նախաձեռնության անդամների որոշումը ոստիկանին փոխանցեց Մովսիսյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Լրահոս