Առավոտյան 5-ին ավարտվել է ռուսական զորքի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականներն ավարտել են Խերսոնի ուղղությամբ զորքերի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ, զինծառայողների և տեխնիկայի կորուստներ չկան, հայտնում է interfax.ru-ն։ «Խերսոնի ուղղությամբ այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5-ին ավարտվել է ռուսական զորքերի տեղափոխումը Դնեպր գետի ձախ ափ»,- ուրբաթ ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Աջ ափին ոչ մի զինտեխնիկա և զենք չի մնացել, բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափ»,- ասել է նա։ Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ զինված ուժերի կազմավորումներն ու զորամասերը գրավել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական գծեր ու դիրքեր։ «Բոլոր խաղաղ բնակիչներին, ովքեր ցանկանում էին լքել Խերսոնի շրջանի աջափնյա հատվածը, օգնություն է ցուցաբերվել տարհանման հարցում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։ Հոկտեմբերի 18-ին հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զորքերի (ուժերի) միացյալ խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր, որ չեն բացառվում Խերսոնի հարցով բարդ որոշումներ։ Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։ «Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,-ասել է Սուրովիկինը։ «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը: Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։

Լրահոս