«Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում». Սեյրան Օհանյանն առաջարկել է նորից ուսումնասիրել հայցը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, ընթացել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստը: Նշենք, որ դատական նիստին Սեյրան Օհանյանը առանց իր հետ փոխկապակցված անձանց եւ փաստաբանների էր ներկայացել: Դատախազ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է հայցը, որով պահանջում է բռնագանձել Օհանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերը: Սեյրան Օհանյանն առարկել է հայցի դեմ, նա նաեւ միջնորդել է դատարանին՝ հետաձգել նիստը, քանի որ ինքը չի տիրապետում գործի նյութերին, եւ, որ իր փաստաբանները ներկա չեն դատական նիստին: Դատարանը, սակայն, մերժեց Սեյրան Օհանյանի միջնորդությունը: «Նշված փաստերը չեմ ընդունում: Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում: «Ապօրինի զավթել» բառակապակցությունն անընդունելի է ինձ համար, մնացած բոլորն էլ թողեցին, որ ես ապօրինի զավթե՞մ։ Առարկում եմ եւ դրա համար առաջարկում եմ հավանության տալ սկզբնական միջնորդությանը` կրկին հայցը ուսումնասիրել, որպեսզի հաջորդ նիստերի ժամանակ փաստաբանները լուրջ ուսումասիրեն բոլոր ընթացքը, քանի որ բաներ կան, որոնք ինձ համար նորություն են եւ անընդունելի»,- դատարանում ասել է Օհանյանը:

Լրահոս