Աշտարակի ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման և օգտագործման դեպքեր

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել են Բյուրականի 45-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Բյուրականի 39-ամյա մի բնակչից և պետք է փոխանցեր Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում բնակվող 48-ամյա ազգականին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նոյեմբերի 15-ին իրավապահները խուզարկեցին և՛ բյուրականցու, և՛ ղազարավանցու բնակության վայրերը։ Ղազարավանում հայտնաբերվեց կանեփանման բույս, իսկ Բյուրականում կային կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 260 գրամից ավելի քաշով, կիսաչոր կանեփանման 24 բույս, 2 կաթուցիչ, նաև պայթուցիկ նյութ՝ քուղով: Նրա հայտնածով՝ կանեփն ինքն էր ցանել ու մշակել, նաև թմրանյութն իրացրել էր համագյուղացի 45-ամյա տղամարդուն, որին Արտաշատի ոստիկանները ձերբակալել էին նախորդ օրը։ Բյուրականցի տղամարդը կալանավորվել է։ Ապօրինի թմրաշրջանառության ևս մեկ դեպք Աշտարակի ոստիկանները բացահայտեցին նոյեմբերի 18-ին՝ այս անգամ Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ ուժեղացված ծառայություն իրականացնելիս: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Երևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ բացահայտումը նոյեմբերի 21-ին էր: Իրացնելով օպերատիվ տվյալները` Աշտարակի Ղազար Փարպեցու փողոցում Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ: Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս